Գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման շրջանակներում ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունում շարունակվում են հողօգտագործողների վերապատրաստման դասընթացների առաջին փուլը:
Ստեփանակերտում շարունակվում են հողօգտագործողների վերապատրաստման դասընթացները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հողագործների ու հողի մշակությամբ զբաղվել ցանկացող քաղաքացիների համար այսօր «Բույսերի պաշտպանությունը» թեմայով դասընթաց է անցկացրել գյուղատնտես, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Գևորգ Մելիքյանը:
Գ. Մելիքյանն սլայդների միջոցով հողօգտագործողներին ներկայացրել է աշնանացան հացաբույսերի հիմնական վնասատուների կազմը, նրանց կենսաէկոլոգիական առանձնահատկությունները և պայքարի միջոցառումների մշակումը ԼՂՀ-ի պայմաններում:
«Կարևոր է, որ իմանաք վնասատուների բազմացման ու զարգացման շրջանները, որպեսզի կարողանաք արդյունավետ պայքարել նրանց դեմ: Ճիշտ և գրագետ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար նաև անհրաժեշտ է հատիկը հողին հանձնելուց առաջ նույնպես ախտահանել այն ու իմանալ, թե որ թունաքիմիկատն ինչ չափաբաժիններով պետք է օգտագործել»,- ընդգծել է Գ. Մելիքյանը: Այնուհետև գյուղատնտեսը մանրամասն անդրադարձել է վնասատուների մի շարք տեսակների` հացագնայուկի, լվիճի, թրիփսի, շվեդական ու հեսենյան ճանճերի և սղոցողի առանձնահատկություններին ու դրանց դեմ արդյունավետ պայքարելուն: