Ճշտված տվյալներով՝ Կոլումբիայում օդանավի աղետի հետեւանքով 71 մարդ է զոհվել:
Կոլումբիայում օդանավի աղետի հետեւանքով, ճշտված տվյալներով, 71 մարդ է զոհվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին երկրի իշխանությունները հայտարարել են, երբ պարզվել է, որ չվերթին գրանցված ոչ բոլոր ուղեւորներն են եղել օդանավում: Վերջին տվյալներով՝ աղետի պահին օդանավում եղել է 68 ուղեւոր եւ անձնակազմի 9 անդամ: DW-ի փոխանցմամբ՝ ողջ է մնացել 6 մարդ:
Փրկարարներն ավարտել են աղետի վայրում՝ Մեդելին քաղաքի մոտ Սերո Գորդո լեռան շրջանում իրականացվող որոնողական աշխատանքները: Այնտեղ գտնվել են երկու «սեւ արկղերը»: Մասնագետները նշում են, որ դրանք գերազանց վիճակում եմ, որոնց վերլուծությամբ կպարզվեն աղետի պատճառները:
Բոլիվիական Lamia Airlines ավիաընկերության Avro RJ օդանավը կործանվել է նոյեմբերի 28-ի ուշ երեկոյան, երբ Բոլիվիայի Սանտա-Կրուս-դե-լա-Սյերա քաղաքից Մեդելին էր թռչում: Օդանավում են եղել Բրազիլիայի ֆուտբոլի A սերիայի առաջնությանը մասնակցող Շապեկո քաղաքի «Շապենկոեսե» թիմի 19 անդամները, ինչպես նաեւ ակումբի ղեկավարությունը, երկրպագուներ եւ լրագրողներ:
Lamia Airlines մասնավոր ավիաընկերությունը հիմնադրվել է 2009 թվականին եւ Բոլիվիայից թռիչքներ է սկսել կատարել ընթացիկ տարվա հունվարից: Այն մասնագիտացել է ֆուտբոլային թիմերի չարթերային թռիչքների ոլորտում: Կործանված օդանավն ավիաընկերության պարկում միակն էր: