Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր այցելեց Մարտակերտ քաղաք՝ համայնքի ղեկավարի՝ 2013 թ. գործունեության հաշվետվությանը ներկա գտնվելու և բնակիչների հետ հանդիպելու նպատակով:
Վարչապետն այցելել է Մարտակերտի շրջան
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր այցելեց Մարտակերտ քաղաք՝ համայնքի ղեկավարի՝ 2013 թ. գործունեության հաշվետվությանը ներկա գտնվելու և բնակիչների հետ հանդիպելու նպատակով: Նախորդ երկու օրերին կառավարության ղեկավարը հանդիպումներ էր ունեցել շրջանի մի շարք գյուղերում:
Ինչպես «Արցախպրես»-ին հայտնել են ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ նշելով ,որ մարտի 11-ին Նոր Մարաղա, Նոր Սեյսուլան, Նոր Հայկաջուր և Նոր Կարմիրավան համայնքների ղեկավարները, կառավարության ղեկավարին հաշվետվություն ներկայացնելով կատարված աշխատանքների մասին, նշեցին հատկապես բանջարաբոստանային կուլտուրաների մշակման, ծխախոտագործության, անասնապահության և խմելու ջրի մատակարարման ուղղություններով գրանցված հաջողությունները, իսկ առանցքային խնդիրների շարքից առանձնացրին դպրոցների շենքերի ոչ բարվոգ վիճակը: Նոր Մարաղայի համայնքապետի խոսքով՝ Կանադահայ բարեգործների միջոցներով գյուղում կառուցվում է համայնքային կենտրոն: Վարչապետ Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարի սկսվելու են Նոր Մարաղայի և Նոր Հայկաջուրի դպրոցների շենքերի կառուցման աշխատանքները, իսկ Նոր Սեյսուլանի դպրոցի խնդիրը մնում է օրակարգում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ մի քանի օրից կսկսվի նաև Նոր Հայկաջուրի և Նոր Կարմիրավանի խմելու ջրի կանոնավոր մատակարարումը, ինչը վերջին ամիսներին այդ համայնքների հիմնական խնդիրն էր դարձել:
Վարչապետը գյուղացիներին հորդորեց ավելի ակտիվորեն զբաղվել ոչ միայն հացահատիկային կուլտուրաների մշակմամբ, այլև ծխախոտագործությամբ, անասնապահությամբ և պտղատու այգիների մշակմամբ, որոնց համար կառավարությունը հարմար պայմաններ է ստեղծում:
Գործադիրի ղեկավարն այդ օրը ներկա գտնվեց նաև Նոր Ջրաբերդի՝ վերջերս կառուցված էլեկտրական ենթակայանի բացման արարողությանը, որով ավարտվեց Մարտակերտի շրջանի էլեկտրաֆիկացումը: