Այսօր Հադրութի Ազատության հրապարակում հանդիսավոր պայմաններում կայացել է 5.5 մ բարձրություն ունեցող քաղաքի գլխավոր նոր տոնածառի լույսերի վառման արարողությունը։
Հադրութում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, դեկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տոնածառի լույսերի վառման պատիվը տրվել է Հադրութի երեխաներին: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը տեղեկացրել է, որ տոնական միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով ձևավորվել և տոնական տեսք է ստացել Հադրութի Ազատության հրապարակը. կենտրոնական մի շարք փողոցներ ապահովվել են լուսային էֆեկտներով:
«Հադրութում Ամանորի տոնական միջոցառումների ծրագիրը լինելու է հետաքրքիր ու տարաբնույթ: Լուսային էֆեկտներով զարդարվել են պետական հաստատությունները, հասարակական օբյեկտներն ու հարակից տարածքները: Հադրութի արվեստի դպրոցը դեկտեմբերի 26-ին կներկայացնի ամանորյա շոու-ծրագիր, իսկ մշակույթի և երիտասարդության բաժինը դեկտեմբերի 29-ին կկազմակերպի «Ամանորյա հանդիսություն» ժամանցային միջոցառումը»,- ասել է Ե. Հայրիյանը:
Մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչի խոսքով՝ տոնակատարությունների գագաթնակետը, ինչպես ամեն տարի, լինելու է դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը. տեղի է ունենալու հրավառություն, իսկ մասնակիցներին սպասվում են անակնկալներ: