Ուդուլի» տոլմայի փառատոնին այս տարի կմասնակցեն նաև հայ զինծառայողները։
Տոլմայի փառատոնին հայ զինվորներն իրենց տաղավարը կունենան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում այս մասին հայտնել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը։
Նա նշել է, որ տոլմայի փառատոնն անցկացվում է 7-րդ անգամ` սկսած 2011 թվականից։ Այն սովորաբար անցկացվել է Մուսալեռում և Սարդարապատում, իսկ այս տարի կանցկացվի Հնաբերդ գյուղում, որը գտնվում է պատմական Հայաստանի հնագույն մայրաքաղաք Դվին քաղաքից քիչ հեռու։
«25 տաղավար է լինելու, փառատոնին կմասնակցեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գյուղացիներ, զինծառայողներ։ Այս տարի զինվորներն առաջին անգամ են մասնակցելու մեր փառատոնին, ընդ որում` սեփական նախաձեռնությամբ։ Ցանկալի է, որ մայիսը, հատկապես ամսվա երկրորդ կեսը, Հայաստանում տոլմայի ամիս դառնա», — ասել է Մամուլյանը։
Նրա խոսքով` տոլմայի փառատոնը, ինչպես նաև մեր երկրում անցկացվող մյուս փառատոները կարևոր են երկրում զբոսաշրջությունը զարգացնելու համար։
«Փառատոնի շրջանակում կպատրաստվի ամենաերկար տոլման, մշակութային հագեցած ծրագիր է սպասվում ժողովրդական երգ ու պարով, բազմաթիվ մրցույթներով։ Իշխանությունները հատուկ ուշադրություն կդարձնեն խոհարարական զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև այն հարցին, թե ինչպես ենք ներկայացնում մեր ազգային խոհանոցը։ Յուրաքանչյուր ուղեկցորդ, որը զբոսաշրջիկին ներկայացնում է պատմամշակութային հուշարձանները, պարտավոր է իմանալ նաև ազգային խոհանոցի մասին, բացատրել հյուրերին, թե ինչ են նրանք ուտում», — ասել է Մամուլյանը։
Նրա խոսքով` այդ առումով մենք դեռ շատ անելիք ունենք։
«Փառատոնն անցկացվելու է ամեն տարի, բարեբախտաբար ֆինանսական միջոցները ներում են», — ասել է նա։
Նա նաև շեշտել է, որ տոլման հայկական կերակուր է, առաջացել է՝ «տոլի» բառից և ամենևին էլ կարևոր չէ «դոլմա», թե «տոլմա» կկոչես այն:
«Տոլմայի նախնական ձևը եղել է խաղողի վազից ու ծեծված մսից, հետո փոփոխվել է, առաջացել են տարբեր եղանակներ պատրաստման՝ կախված տարածաշրջանից: Էական նշանակություն չունի՝ «տոլմա» կասես, թե «դոլմա», որովհետև ժամանակին այն կոչվել է նաև ուդուլի, իսկ վեճը՝ «տ», թե «դ», արհեստական է»,- ասել է նա: