Այսօր Ստեփանակերտում Արցախի և Աբխազիայի հանրապետությունների արտաքին գործերի նախարարների միջև տեղի է ունեցել «Փոխըմբռնման հուշագրի» ստորագրում:
Կարեն Միրզոյանը և Դաուր Կովեն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ hուշագրի ստորագրումից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարները հանդես են եկել մամուլի ասուլիսով:
Դ. Կովեի խոսքով՝ Արցախը և Աբխազիան կայացած հանրապետություններ են, և երկու պետություններն անելու են հնարավորը երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար: Անդրադառնալով Արցախի և Աբխազիայի միջազգայնորեն Ճանաչմանը՝ Դ. Կովեն նշել է, որ այն ժամանակի հարց է: «Մեր այսօրվա խնդիրն է ապահովել կայուն և դինամիկ զարգացում: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը ժամանակի ընթացքում կգնահատի մեր ունեցած ձեռքբերուները»,- ասել է Աբխազիայի արտգործնախարարը:
Համակարծիք լինելով գործընկերոջ հետ՝ Կ. Միրզոյանը նշել է, որ Արցախի և Աբխազիայի հանրապետությունների միջազգային ճանաչումը պահանջ է, հրամայական:
«Դա տրամաբանական գնահատական է Արցախում և Աբխազիայում տեղի ունեցող պետականաշինական գործընթացներին: Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ այդ գործընթացներն ունենալու են իրենց տրամաբանական ավարտը, և Արցախն ու Աբխազիան ճանաչվելու են միջազգային հանրության կողմից: Այդ քայլը թույլ կտա ոչ միայն ամրապնդել մեր պետականության հետագա զարգացումը, այլև դրական ազդեցություն կունենա մեր տարածաշրջանի կայուն զարգացման վրա»,- նշել է Արցախի արտգործնախարարը:
«Արցախպրես»-ի այն հարցին, թե արդյո՞ք հուշագրի ստորագրումը ենթադրում է, որ շուտով երկու երկրների մայրաքաղաքներում դիվանագիտական ներկայացուցչություններ կբացվեն, Դ. Կովեն նշել է, որ ոչինչ չի բացառվում՝ երկու երկրների ցանկության դեպքում: Իսկ Կ. Միրզոյանն էլ ավելացրել է, որ Արցախի և Աբխազիայի միջև գոյություն ունեն շատ սերտ գործնական ու բարեկամական կապեր:
Նշենք, որ հուշագրի շրջանակներում կողմերը պայմանավորվել են, մասնավորապես, խորհրդատվություններ անցկացնել տեղեկատվական ու հասարակական-փորձագիտական փոխգործակցության, միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական համագործակցության զարգացման, երիտասարդական քաղաքականության և դիվանագիտության գծով համագործակցության և այլ հրատապ օրակարգային հարցերի շուրջ։ Ըստ հուշագրի՝ նախատեսվում է նաև ծրագրերի իրականացում փորձի փոխանակման և դիվանագետների վերապատրաստման ոլորտներում: