Ստրասբուրգում հոկտեմբերի 9-ին մեկնարկելիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում կվճռվի ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետագա պաշտոնավարման հարցը:
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հետագա պաշտոնավարման հարցը կորոշվի հոկտեմբերի 9-ին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախագահ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ այսօր Փարիզում տեղի ունեցած Բյուրոյի նիստում ընդունվել է ԵԽԽՎ նիստի օրակարգը, որում ընդգրկված հարցերից մեկը Ագրամունտին անվստահութուն հայտնելու մասին բանաձեւի քվեարկությունն է:
Նրա խոսքով, քվեարկությունից առաջ տեղի կունենան դեբատներ, որի ժամանակ առաջինը իր տեսակետը կհայտնի Ագրամունտին անվստահության բանաձեւի հեղինակ նորվեգացի պատվիրակը, այնուհետեւ դիրքորոշում կհայտնեն միայն քաղաքական խմբի ղեկավարները, այլ պատվիրակներ չեն կարող խոսել: Վերջում իր տեսակետը կհայտնի Պեդրո Ագրամունտը, որից հետո անմիջապես տեղի է ունենալու բաց քվեարկություն, քվեարկության համար պահանջվում է նվազագույնը 102 պատվիրակի մասնակցություն, եւ որպեսզի որոշումն ընդունվի պետք է նրանց 2/3-րդը կողմ քվեարկի փաստաթղթին:
Հիշեցնենք՝ ԵԽԽՎ-ն հունիսի 27-ին ձայների մեծամասնությամբ ընդունել էր բանաձեւ, որը ենթադրում է կանոնակարգում, փոփոխություններ, որոնցով թույլ է տալիս սկսել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնից հեռացման գործընթացը: