Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին նոյեմբերի 4-ին հրաժարական է տվել և հայտնել այդ քայլի պատճառը:
Լիբանանի վարչապետը հրաժարական է տվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հրաժարական տված վարչապետը նշել է, որ իր դեմ մահափորձ էր նախապատրաստվում, ինչպես նաև մեղադրել Իրանին արաբական տարածաշրջանը քանդելու փորձեր կատարելու մեջ: Սաադ Հարիրիի հայրը, 2005 թվականին նույնպես լինելով երկրի վարչապետը, սպանվել է: «Մենք ապրում ենք այնպիսի մթնոլորտում, որը նման է Ռաֆիկ Հարիրիի սպանությունից առաջ տեղի ունեցող իրադարձություններին: Նկատել եմ, որ ինչ-որ բան գաղտնի նախապատրաստվում էր՝ իմ դեմ մահափորձ իրականացնելու համար», - ասել է Հարիրին: Հարիրին նաև քննադատել է շիաների «Հեզբոլլահ» շարժմանը և մեղադրել Իրանին: Նա նշել է, որ արաբական համայնքը, ինչպես և նախկինում, կըմբոստանա Իրանի դեմ: «Մուսթաքբալ» կուսակցության սուննի առաջնորդը 2016 թվականին երկրորդ անգամ իր կարիերայում զբաղեցրել է Լիբանանի վարչապետի պաշտոնը: Ավելի վաղ, նա ղեկավարել է երկրի կառավարությունը 2009-2011 թվականներին: