Տող գյուղի հարակից տարածքում կկազմակերպվի «Արցախի Երիտֆորում 2018» ծրագիրը
ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը և «Հանուն Արցախի» երիտասարդական հասարակական կազմակերպությունը օգոստոսի 24-27-ը Հադրութի շրջանի Տող գյուղի հարակից տարածքում գտնվող «Նոր կյանք» համալիրում համատեղ ուժերով կազմակերպելու են «Դու երիտասարդ ես» խորագրով «Արցախի Երիտֆորում 2018» ծրագիրը:
Տող գյուղի հարակից տարածքում կկազմակերպվի «Արցախի Երիտֆորում 2018» ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, օգոստոսի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության երիտասարդության հարցերի բաժնի պետ Դավիթ Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ արդեն 6-րդ տարին է, ինչ Արցախում կազմակերպվում է նման ծրագիր, որին հնարավորություն են ունենում մասնակցելու 18-35 տարեկան երիտասարդներ:
Այս տարի «Արցախի Երիտֆորում 2018» ծրագրին կմասնակցեն Արցախի բոլոր շրջաններից 7-ական ակտիվ երիտասարդ, ինչպես նաև համալսարանների ուսխորհուրդների և հասարակական կազմակերպությունների անդամներ: Ընդհանուր առմամբ, մասնակիցների թիվը կկազմի շուրջ 80 հոգի:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել Արցախի պետական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպումներ, այցելություններ պատմամշակութային վայրեր և տարաբնույթ մշակութաժամանցային միջոցառումների անցկացում:
«Ծրագրի նպատակն է նպաստել Արցախի երիտասարդական ներուժի ակտիվացմանն ու զարգացմանը, բարձրացնել երիտասարդների մասնակցությունը համայնքի զարգացման գործին, խթանել միջհամայնքային համագործակցությունը: Ստեղծել հատուկ բարեկամական և անմիջական մթնոլորտ, որտեղ տարբեր շրջաններից ժամանած երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալու և շփվելու միմյանց հետ»,-ասել է Դ. Ղուկասյանը:
Տեղեկացնենք, ործրագրին մասնակցելու համար երիտասարդները պիտի մինչև 2018 թվականի օգոստոսի 15-ը ներառյալ ներկայացնեն լրացված հայտ և ինքնակենսագրություն: Վերջում կազմակերպիչները կկատարեն ընտրություն և արդյունքների մասին տեղյակ կպահեն դիմողներին: Մանրամասն տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ (047) 73-20-73, (047) 73-40-73: