Artsakhpress

Մշակույթ

Տող գյուղում կայացել է արցախյան գինու հինգերորդ փառատոնը (լուսանկարներ)

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության նախաձեռնությամբ այսօր Հադրութի շրջանի Տող գյուղում կայացել է արցախյան գինու հինգերորդ փառատոնը։

Տող գյուղում կայացել է արցախյան գինու հինգերորդ փառատոնը (լուսանկարներ)

Տող գյուղում կայացել է արցախյան գինու հինգերորդ փառատոնը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 15ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փառատոնին մասնակցում էին գինու և ալկոհոլային այլ խմիչքների արտադրությամբ զբաղվող Արցախի և ՀՀ կազմակերպություններ և անհատ ձեռներեցներ, ովքեր հնարավորություն են ունեցել իրենց արտադրանքը ներկայացնելու և վաճառելու:
Միջոցառմանը ներկայացված էր նաև արցախյան վարպետների կողմից պատրաստված հուշանվերների, արցախյան գորգերի, զարդերի, կավե ամանեղենի և ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք։
Փառատոնի ծրագրի շրջանակներում «Տողի մելիքական ապարանք» պատմամշակութային արգելոցի տարածքում ցուցադրվել է ազգային խոհանոցի ուտեստներ, հացի պատրաստման ընթացքը, խեցեգործություն, ինչպես նաև հայկական գինեգործության հին ծիսակատարություններ, գյուղատնտեսական ապրանքների վաճառք: Կազմակերպվել է նաև արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն:
Փառատոնի մասնակիցներն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ շրջել են տաղավարներով և ծանոթացել ներկայացված գինու և այլ ապրանքատեսականիների նմուշներին: Հադրութի եկեղեցու քահանա Տեր Մատթեոս Դրավունցն արարողության ժամանակ կատարել է խաղողօրհնեք:
Միջոցառման ծիսակարգի ժամանակ գլխավոր տակառի պատվանդանահարթակի շուրջ պարողները ավանակին ամրացված սայլի մեջ խաղող են լցրել: Արարողության ընթացքում պարող տղաները կատարել են աղջիկների ոտնլվա և նրանց գրկած բարձրացրել պատվանդանին:
Այնուհետև աղջիկները պարելով ճզմել են խաղողը: Փառատոնին տեղի է ունեցել ներկայացվող նոր գինիների՝ տարեգրության մատյանի շնորհանդես։ Բեմ է հրավիրվել արցախյան գինու փառատոնի սոմելյե՝ Վահե Քյոշգուրյանը. նա էլ ներկայացրել է գինիների տարեգրության մատյանը։
Փառատոնին նոր գինիներով ներկայացած արտադրողները հնարավորություն են ստացել մատյանում լրացնել իրենց արտադրանքի հակիրճ նկարագիրը և մեկական շիշ նվիրաբերել Տողի Մելիքական ապարանքի մառանին։ Մատյանը ի պահ է տրվել ապարանքի տնօրինությանը:
Մեզ հետ զրույցում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն ասել է, որ իրենց կառույցը գինու փառատոնի կազմակերպումը համարում է հանրապետության համապետական միջոցառումներից մեկը: Նրա խոսքով՝ Արցախից և Հայաստանից փառատոնին մասնակցել են 24 գինեգործական ընկերություններ և 25 տնական պայմաններում գինի արտադրողներ: Փառատոնին ձևավորվել է շուրջ 100 տաղավար: «Փառատոնի այս տարվա ծրագիրն ընդլայնվել է: Կազմակերպչական և ավանդական ծիսակարգի մեջ իրականացրել ենք փոփոխություններ: Որպես նորություն՝ այս տարի իրականացրել ենք նաև այցելուների գրանցում՝ իմանալու համար տեղացի և օտարերկրացի մասնակիցների թիվը: Կարծում եմ՝ նման փառատոները կխթանեն Արցախում տուրիզմի զարգացմանը»,-ավելացրել է Ա. Գրիգորյանը:
Միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես են եկել հանրապետության ճանաչված մշակութային համույթներ, անհատ կատարողներ:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պաշտոնատար այլ անձինք, գինեգործներ ԱՀ-ից և ՀՀ-ից, հյուրեր, օտերերկրյա զբոսաշրջիկներ և այլք:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ՍՈՒ-25-ի վթարի վայրը հայտնաբերվել է. երկու օդաչուները զոհվել են

Կորել է կապը ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ. ընթանում են որոնողա-փրկարարական աշխատանքներ

Ես  հաղթանակած մարզիկի   իրավունքով  եմ  եկել  Արցախ. աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների` հանրահավաքներ իրականացնելու մտադրությանը

ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ. ՊՆ-ն ներկայացրել է C-300 համակարգը

Լավ կանեն՝ լռեն, բարոյական չէ. Արկադի Կարապետյանը՝ Արցախը հանձնելու Շահնազարյանի հայտարարությունների մասին

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ քվեարկեց 29/15 ընտրատեղամասում (տեսանյութ)

Քոչարյանին անհապաղ արձակելու պահանջով հանրահավաքային պայքար կսկսվի

Ձնահյուսի տակ մնացած զինծառայողին մահացած են գտել

Search