Արցախում անհրաժեշտ և կարևոր է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելը. փոխնախարար
ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր կազմակերպվել է սեմինար, որի ընթացքում արցախցի մի խումբ գյուղատնտեսներ և հողօգտագործողներ ծանոթացել են «Էկո Պլանտ» գյուղատնտեսության զարգացման հասարակական կազմակերպության կողմից առաջարկվող «Ֆուլվիտ» կենսախթանիչ հեղուկ պարարտանյութի բաղադրությանը, որի հումքը գոմաղբն է:
Արցախում անհրաժեշտ և կարևոր է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելը. փոխնախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, սեպտեմբերի 20, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը, ողջունելով հանդիպման մասնակիցներին, ասել է, որ Արցախում անհրաժեշտ և կարևոր է օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելը:
Սեմինարին «Էկո Պլանտ» ՀԿ տնօրեն Արգամ Անթանյանը մանրամասնորեն ներկայացրել է օրգանական պարարտանյութի առանձնահատկությունները և բացատրել, որ արտարմատային մեթոդով օրգանական բաղադրիչով սնուցումն առավել արդյունավետ ու տնտեսապես շահավետ է:
«Օրգանական պարարտանյութը լայն տարածում ունի բազմաթիվ երկրներում, իսկ Հայաստանում այն (ֆուլվիտ) արդեն իսկ փորձարկվել է 370 հեկտար տարածքներում աճեցված 24 տեսակի մշակաբույսերի համար»,- նշել է ՀԿ տնօրենը՝ հավելելով, որ նման պարարտանյութի օգտագործումը խթանում է բույսերի ավելի վաղ հասունացմանն ու բերքատվությանը, իսկ ստացված բերքն ունենում է որակական բարձր ցուցանիշ:
Հանդիպման ընթացքում մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղել են մասնագետներին և ստացել պատասխաններ:
Հանդիպման ավարտին փորձնական օգտագործման համար աշնանացան ցորենի մշակմամբ զբաղվողներին տրվել է տվյալ օրգանական պարարտանյութից: