ԼՂՀ Կառավարության առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության շենքում, հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ, ապրիլի 18-ին գերատեսչության կողմից կազմակերպվել է «Քաշաթաղի քարե վկաները» խորագրով լուսանկարների ցուցահանդես:
«Քաշաթաղի քարե վկաները» խորագրով լուսանկարների ցուցահանդես՝ Ստեփանակերտում
ԼՂՀ Կառավարության առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության շենքում, հուշարձանների եւ տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա կապակցությամբ, ապրիլի 18-ին գերատեսչության կողմից կազմակերպվել է «Քաշաթաղի քարե վկաները» խորագրով լուսանկարների ցուցահանդես:
Ինչպես հաղորդում է «Արցախպրես»-ը, լուսանկարների հեղինակը Քաշաթաղի շրջվարչակազմի «Մերան» պաշտոնաթերթի խմբագիր Զոհրաբ Ըռքոյանն է:
«Իմ հեղինակած 50 լուսանկարներում ներկայացված են շրջանում վերջին 3-4 տարիների ընթացքում հայտնաբերված և մինչ այդ հայտնի, սակայն վտանգված հուշարձաններ, եկեղեցիներ, ամրոցներ ու ամրոցատեղիներ, դամբարաններ, խաչքարեր, տապանաքարեր, կամուրջներ և այլն»,- «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Զ. Ըռքոյանը:
Ինչպես բացման խոսքում նշեց ԼՂՀ Զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը. ցուցահանդեսը կարեւոր է այն առումով, որ առաջին անգամ է, երբ փորձում են համախմբված ցույց տալ այն հարստությունը, որ ժառանգել ենք մեր նախնիներից Քաշաթաղի շրջանի տարածքում:
Լուսանկարները մասնակիցներին ներկայացրեց զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության հուշարձանների ուսումնասիրության և պահպանության բաժնի վարիչ Սլավա Սարգսյանը, ով մասնավորապես նշեց, որ այն կարող է լավագույն ուղեկիցը դառնալ յուրաքանչյուր ուսումնասիրողի համար, ով ցանկանում է նոր բացահայտումներ անել Քաշաթաղի շրջանում, որտեղ այդ առումով դեռ մեծ անելիքներ կան:
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, ԱԺ պատգամավորներ, կառավարության անդամներ, հնագետներ, լրագրողներ, հյուրեր: