2018 թվականին Արցախի հանրապետության բուժհիմնարկներում ծնվել է 2187 նորածին, որից 1818-ը Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում, իսկ մնացած երեխաները՝ շրջանային բուժմիավորումներում:
2018 թ-ին Արցախի բուժհիմնարկներում ծնվել է 2187 երեխա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հունվարի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հունվարի 11-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասել է ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը:
Խոսելով մահացությունների մասին՝ նախարարը նշել է, որ 2018 թվականին հանրապետությունում գրանցվել է 1039 մահացության դեպք, նախորդ տարվա 1150-ի դիմաց. մահացությունների թվի վազման միտում է արձանագրվել:
«Հիվանդանոցային մահերից 9 դեպք կապված է վթարների և այլ պատահարների հետ, 72 դեպք՝ արյան շրջանառության հիվանդությունների, որոնցից 41-ը ինսուլտ և 18-ը՝ ինֆարկտ: Ընդհանուր մահացության դեպքերից 78-ը 76 տարեկանից բարձր տարիք են ունեցել: 36 հոգի եղել են 66-70 տարեկան, իսկ 27-ը՝ 56-65 տարեկան: Մահացությունների հիմնական պատճառը չարորակ նորագոյացություններն են և արյան շրջանառության համակարգի հիվանդությունները: Հիվանդանոցային մահերը հիմանկանում պայմանավորված են նրանով, որ ծանր հիվանդներին բժշկական օգնություն ցուցաբերելու համար տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն»,-ասել է նախարարը: