Հունվարի 13-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում ամփոփվել են 2015 թվականին կատարված աշխատանքների արդյունքները:
Սեյրան Օհանյանը ցուցումներ է տվել ռազմական ոստիկաններին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հունվարի 14, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձեր են կատարվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության եւ ՀՀ քննչական կոմիտեի ու զորամասերի հրամանատարների համագործակցությանը, ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարվա ընթացքում իրականացված կանխարգելիչ միջոցառումներին: Ներկայացվել են զորամասերում հանցագործությունների եւ պատահարների նվազեցման ու կանխարգելման, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված մեծածավալ աշխատանքները, զինվորական ավտոծառայության կողմից իրականացված միջոցառումները, արձանագրված տրանսպորտային պատահարների վիճակագրությունն ու դրանց կանխարգելման ուղղությամբ հետեւողականորեն իրականացվող քայլերը:
Հաշվետու զեկույցում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ս. Ղուկասյանը նշել է, որ անցած տարվա ընթացքում արվել է առավելագույնը բացասական ազդեցություն ունեցող երեւույթների կանխման, զինծառայողների շրջանում կանոնադրային հարաբերությունների պահպանման եւ հնարավոր հանցագործությունների թիվը նվազագույնի հասցնելու ուղղությամբ:
Ամփոփելով խորհրդակցության աշխատանքները` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել տարվա ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կողմից իրականացված միջոցառումների եւ աշխատանքների արդյունավետությունը: Հետագա աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպման ուղղությամբ Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան ցուցումներ եւ հանձնարարականներ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նաեւ 2015 թվականին զինված ուժերում արձանագրված հաջողություններն ու ձեռքբերումները, դրանց թվում առանձնացնելով մասնավորապես զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց սոցիալական պաշտպանության, կադրային քաղաքականության, թիկունքային ապահովման, ռազմաուսումնական հաստատություններում զինվորական մասնագետ կադրերի պատրաստման, անձնակազմի բուժսպասարկման եւ այլ ոլորտներում իրականացված բարեփոխումները:
Խորհրդակցության ավարտին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ խրախուսվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով եւ հերթական զինվորական կոչումներով: