Նախօրեին՝ Աշոտ Ղուլյանի նախագահությամբ կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի առաջին լիագումար նիստում՝ 27 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, երկրորդ ընթերցմամբ որպես մայր օրենք խորհրդարանը հաստատել է ԼՂՀ «Քաղաքացիական օրենսգրքի» նախագիծը:
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է ԼՂՀ «Քաղաքացիական օրենսգիրքը»
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ներկայացնելով «Քաղաքացիական օրենսգիրքի» նախագիծը ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը նշել է, որ քննարկման արդյունքում՝ հեղինակների կողմից ընդունվել և օրենսգրքում ընդգրկվել է մեկ առաջարկություն: ««Քաղաքացիական օրենսգիրքը» հանդիսանալով կարևորագույն իրավական փաստաթուղթ, միաժամանակ քաղաքական նշանակություն ունի, քանի որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կունենա սեփական «Քաղաքացիական օրենսգիրքը»:
Դա ԼՂՀ Սահմանադրության պահանջն է, որի համաձայն էլ մշակվել է օրենսգիրքը: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Ազգային ժողովին կներկայացվի նաև ԼՂՀ «Աշխատանքային օրենսգիրք»-ը, բացի այդ շարունակում է արդիական մնալ ԼՂՀ «Վարչական իրավախախտումների օրենսգրքի» ստեղծման հարցը»,- նշել է արդարադատության նախարարը: