Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հեռանալով վերջ դրվեց հայ-թուրքական տխրահռչակ հարաբերություններին, քանի որ դրանց ճարտարապետը հենց Դավութօղլուն էր:
Դավութօղլուի հեռանալով վերջ դրվեց հայ-թուրքական տխրահռչակ հարաբերություններին. թուրքագետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Դավութօղլուի հրաժարականին` այսպիսի տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
«Հայ-թուրքական հարաբերությունների այդ կարգավորումներն այսուհետ որևէ նշանակություն և արժեք չունեն առանց Դավութօղլուի»,- ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասաց թուրքագետը:
Հարցին, թե ինչպիսի երկիր է շարունակելու լինել Թուրքիան այսուհետ, Անդրանիկ Իսպիրյանն ասաց, որ Դավութօղլուն իր էությամբ բավականին հավասարակշիռ էր, մտավորական էր, ակադեմիական աշխարհի ներկայացուցիչ էր, նույնիսկ ուներ ռազմավարական նշանակության գրքեր:
««Ռազմավարական խորություն» գրքի հեղինակը, փաստորեն, տապալվեց: Նա հարևանների հետ «զրո խնդիրով» սկսեց, բավական բուռն էր նրա մուտքը: Հիմա արդեն իրավիճակը բացառապես տիրապետելու է Էրդողանը, որևէ դիվանագիտական, քաղաքակրթական բանից խոսելն արդեն անիմաստ կլինի»,-ասաց Անդրանիկ Իսպիրյանը՝ հավելելով, որ Թուրքիան թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ դառնում է բացառապես Էրդողանի կողմից կառավարվող, այսինքն՝ բացարձակ անկանխատեսելի:
Թուրքագետը նշեց, թե հակառակ նրան, թե որքան անկանխատեսելի է Էրդողանը, Դավութօղլուն շատ հարցերում ավելի մեղմ էր, Էրդողանի կոպիտ քաղաքականությունն ու սխալները Դավութօղլուն իր դիվանագիտությամբ փորձում էր մեղմացնել:
«Էրդողանը չներեց Դավութօղլուին, քանի որ Դավութօղլուն փորձում էր վարչապետ լինել և վարչապետ զգալ: Դավութօղլուին Էրդողանը նշանակել էր ուղղակի վարչապետ աշխատելու»,-ասաց թուրքագետն՝ ավելացնելով, թե Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Էրդողանի անկանխատեսելիությունը բացասաբար է ազդում հատկապես իր հարևանների վրա, այդ թվում՝ Հայաստանի: