Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Արցախի պետական համալսարանում հաշվապահի միջազգային օրվա կապակցությամբ ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Հաշվապահական հաշվառման արդի հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան:
ԱրՊՀ-ում կազմակերպվել է «Հաշվապահական հաշվառման արդի հիմնախնդիրները» թեմայով կլոր սեղան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կլոր սեղանին ներկա տարբեր կազմակերպությունների հաշվապահները և ոլորտի մասնագետները քննարկել են արդի հիմնախնդիրները:
ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանն ասել է, որ դեռևս 1494 թվականի նոյեմբերի 10-ին Վենեցիայում հրապարակված Ղուկաս Պաչոլիի «Ամեն ինչ թվաբանության, երկրաչափության և չափերի մասին» գրքում հեղինակը փորձել է պատկերացում տալ տվյալ ժամանակաշրջանի հաշվապահության մասին: Նա նշել է, որ հաշվապահները պետք է առաջնորդվեն «գիտություն, անկախություն և բարեխղճություն» սկզբունքով:
ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ, տ.գ.թ., Եվգենյա Հայրիյանն էլ նշել է, որ ներկայումս վարկային ոլորտը ամենազարգացածն է, և բանկերին է ստանձնված մի կարևոր պարտականություն՝ կենտրոնական բանկի պահանջներին համապատասխան հաշվառում իրականացնելը:
Ե. Հայրիյանի խոսքով՝ կան մի շարք տարբերություններ, որոնք պահանջում են միջազգային հաշվապահական հաշվառման ստանդարտներ:
Իսկ ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի հաշվապահական հաշվառում բաժնի մագիստրատուրա երկրորդ կուրսի ուսանողուհի Արմինե Բեգլարյանը նշել է, որ հաշվապահական հաշվառման անհրաժեշտությունը թելադրված է առևտրային կազմակերպության կանոնադրությամբ, որի համաձայն կազմակերպության գործունեության նպատակը շահույթի ստացումն է: Նա նշել է, որ այսօր հաշվապահական հաշվառումը գրավում է առաջնային տեղերից մեկը, ինչպես ձեռնարկատիրական գործունեության, այնպես էլ բիզնեսի կառավարման համակարգերում:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ ֆինանսների նախարարության աշխատակիցներ, ԱրՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի դասախոսներ և տարբեր կազմակերպությունների հաշվապահներ: