Ապրիլի 11-15-ը «Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի` Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների պետական ծրագրի» շրջանակներում Արցախի պետական համալսարանում տեղի է ունենալու ուսանողական ֆորում:
ԱրՊՀ-ն կկազմակերպի ֆորում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների, հանրային կապերի և լրատվության բաժնի պետ Զարինե Սառաջյանը:
Նրա խոսքով՝ ֆորումի նպատակն է միավորել հայկական բուհերի ուսանողներին համազգային գաղափարների շուրջ, արժևորել Ղարաբաղյան շարժման պատմաքաղաքական 30-ամյա ուղին, ձեռքբերումները, ինչպես նաև բացահայտել մեր երկրում իրականացվող երիտասարդության կրթության ոլորտում առկա խնդիրները, գտնել ուղիներ` ԱՀ և ՀՀ ուսանողության ներուժը ուղղորդելու՝ ի նպաստ միասնական հայրենիքի կայուն զարգացման, ամրապնդել կապը Արցախի մայր բուհի և հայաստանյան գործընկեր բուհերի միջև:
«Ֆորումի մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու Արցախը` իր բազմադարյա մշակույթով, բնության անձեռակերտ հրաշալիքներով, յուրօրինակ խոհանոցով, ավանդույթներով ու սովորույթներով: Այդ ընթացքում հանդիպումներ և քննարկումներ կլինեն նաև Արցախի պետական, հասարակական, քաղաքական, գիտական մտքի հայտնի գործիչների հետ»,- նշել է Զ. Սառաջյանը՝ ավելացնելով, որ ֆորումի շրջանակներում նախատեսվում է Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված ուսանողական գիտաժողովի անցկացում, ուսանողներին հուզող թեմաներով քննարկումների անցկացում և հայտարարության ընդունում, բարձրաստիճան պետական պաշտոնյաների, գիտական, հասարակական, քաղաքական գործիչների և ղարաբաղյան շարժման առաջամարտիկների հետ հանդիպումներ, ինչպես նաև այցելություններ պատմական և դիտարժան վայրեր, ինտելեկտուալ խաղերի, մշակութային այլ միջոցառումների կազմակերպում:
Նշենք, որ ցանկացողները մասնակցությունը հավաստող հայտերը կարող են ներկայացնել մինչև սույն թվականի փետրվարի 20-ը, իսկ զեկույցները՝ մինչև մարտի 15-ը:
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել lratu.asu@mail.ru էլեկտրոնային հասցեով կամ էլ զանգահարել 047960903 հեռախոսահամարով: