Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում մեկնարկել է «ARTSakh Fest» փառատոնը

Այսօր երեկոյան Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկել է «ARTSakh Fest» ժամանակակից արվեստի փառատոնը: Բացման արարողությանը երաժշտական կատարումներով հանդես են եկել աշխարհահռչակ «Armenian Navy Band» խմբի ղեկավար Արտո Թունջբոյաջյանը և Vishup Ensemble խումբը:

Ստեփանակերտում մեկնարկել է «ARTSakh Fest» փառատոնը

Ստեփանակերտում մեկնարկել է «ARTSakh Fest» փառատոնը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 5, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ փառատոնին իրենց մասնակցությունն են բերում ավելի քան 40 արվեստագետներ աշխարհի տարբեր երկրներից:
Բացմանը ներկա ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը ողջունել է նախաձեռնությունը՝ նշելով, որ Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնի վերականգնմանը և հանրահռչակմանը նվիրված փառատոնը նպատակ ունի ժամանակակից արվեստի միջոցով ուշադրություն սևեռել դեպի մեր պատմամշակութային արժեքները:
«Թատրոնը ինքնին ժառանգություն է, որը ժամանակակից արվեստը պետք է կարողանա հասցնել այնպիսի մակարդակի, որպեսզի այս շենքում բեմադրվեն թատերական ներկայացումներ և գործի մեծ դահլիճը: Համոզված եմ, որ մենք ունենալու ենք թատրոն, որտեղ երազելու են խաղալ լավագույն դերասանները: Ամենօրյա աշխատանքով պետք է օգնենք, որպեսզի թատրոնը վերակառուցվի, և զարգացումը շարունակական լինի»,- ասել է Լ. Հովհաննիսյանը:
Ժամանակակից արվեստի ինստիտուտի հիմնադիր Նազարեթ Կարոյանն էլ նշել է, որ, գալով Արցախ, իրենք փորձել են ժամանակակից արվեստը ներկայացնել Ստեփանակերտի մշակութային սրտում:
«Արվեստն այսօր  այն ոլորտներից է, որը ոչ թե բաժանում, այլ միացնում է մարդկանց: Այն դառնում է համընդհանուր հաղորդակցական միջոց, որի շուրջ համախմբվում է համայնքը: Այն ավանդույթները, որոնք ուներ թատրոնը, պետք է վերականգնել: Շենքը կանգնած է ամուր հիմքերի վրա: Եթե թատրոնին կյանք տալու ցանկությունը պահպանվի, այս գործը կպսակվի հաջողությամբ»,- ավելացրել է Ն. Կարոյանը:
Իսկ «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի գործադիր տնօրեն Վասպուրակ Կարապետյանն էլ նշել է, որ, ծրագրի մեկնարկից սկսած, իրենք պատրաստակամություն են հայտնել աջակցելու գործընթացին:
«Շենք-շինությունները պարզապես ճարտարապետական կառույցներ չեն: Դրանք կենդանի օրգանիզմներ են: Հոյակերտ կառույցը վերակենդանացման կարիք ունի: Մեր ապագա վարպետները պետք է կարողանան զգալ, թե ինչքան կարևոր է նման կառույցներին ճիշտ վերաբերմունք ցույց տալը:
Մեր աշկերտները լծվեցին այս գործին՝ ձգտելով անել առավելագույնը: Այս կառույցները պատմություն են, որոնք իրենց մեջ ամփոփում են ազգի մշակույթը, լեզուն: Պատրաստ ենք հետագայում ևս մասնակցելու թատրոնի վերականգնման աշխատանքներին»,- ասել է Վ. Կարապետյանը:
Ի դեպ, փառատոնն ամբողջությամբ նկարահանվելու, մոնտաժվելու և տարածվելու է որպես ֆիլմ՝ նպաստելով ինչպես Ստեփանակերտի թատրոնի պատմական անցյալի վերաիմաստավորմանն ու թատերական կյանքի աշխուժացմանը, այնպես էլ՝ փառատոնի հետագա հանրահռչակմանը։ 
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին և 7-ին՝ սկսած ժամը 11:00-ից, ցանկացողները կարող են Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի շենքում ներկա գտնվել շարունակվող փառատոնին: Ծրագրի մեջ ներառված են հետազոտական ցուցահանդես, վավերագրական լուսանկարչություն, բացօդյա պերֆորմանսներ, ձայնային արվեստ (sound art), տեսանկար (video art) և ժամանակակից արվեստի այլ տեսակներ: 
Հավելենք, որ նախագիծն իրականացվում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության, կրթության, գիտության և սպորտի նախարարության, ՀՀ մշակույթի նախարարության, Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան»-ի և Թուֆենկյան հիմնադրամի աջակցությամբ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Բակո Սահակյանին

Միայն գործից անտեղյակը կարող էր 2016 թ․ ապրիլյան պատերազմը «դիվերսիա» անվանել. Վիտալի Բալասանյանը նոր փաստեր է հրապարակում

Հայտնի հնդիկ երգիչը տեսահոլովակ է նկարահանել Ստեփանակերտում

Նորաստեղծ կուսակցությունը մայրաքաղաքում գրասենյակ է բացել

Կտրականապես անընդունելի է Արցախը որևէ պետության մանդատի տրամադրելու հարցը. Էդմոն Մարուքյանը՝ Սամվել Բաբայանին

«Արարիչ» հիմնադրամի նախաձեռնությամբ մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով մեկնել են Մայր Հայաստան

Հայ դիրքապահները վնասազերծել են ՀՀ պետական սահմանը հատած ադրբեջանցուն

Բաքուն դիմում է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի սահմանն անցած քաղաքացուն վերադարձնելու համար

Արցախի ՊԲ ռազմական խորհրդի նիստ է անցկացվել

Search