Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումների համաձայն, Մարտունու շրջանի Ճարտարի քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածուներ են գրանցվել Վահեն Արտոյի Ալիբաբայանը, Արթուր Լովերտի Աղաբեկյանը, Սերժիկ Սանջանի Ասրիբաբայանը և Վլադիկ Նիկոլայի Հովհաննիսյանը։
Հունվարի 18-ին Ճարտարում քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն չորս թեկնածուներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Ըստ ԼՂՀ Մարտունու տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հայկ Պետրոսյանի՝ Ճարտարի քաղաքային համայնքի ավագանու թեկնածու է առաջադրվել 20 քաղաքացի: Ընդ որում, ավագանու անդամների թեկնածուները կպայքարեն 11 տեղերի համար։
«Պայմանավորված այն օբյեկտիվ հանգամանքով, որ ընդհանուր առմամբ 12 տեղի համար մրցակցում են 24 թեկնածու, ընտրապայքարի առումով որոշակի աշխուժություն է նկատվում, իսկ նախընտրական քարոզչությունը, որին, ի դեպ, մնացել է ընդամենը 3 օր, ծավալվում է գործող օրենսդրության շրջանակներում»,- «Արցախպրես»-ի հետ զրույցում մանրամասնել է Հ. Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ 2014թ-ի հուլիսին, տեղական հանրաքվե անցկացնելով, Ճարտար եւ Ղուզե Ճարտար համայնքների բնակչությունը քվեարկել էր երկու համայնքների միավորման օգտին: Ելնելով դրանից՝ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկել «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում: Համաձայն՝ դրանց առաջարկվում է Ճարտարի տարածքում գտնվող Զորավանին ևս տալ քաղաքի կարգավիճակ՝ Ներքին ճարտար անունով՝ ընդգրկելով այն Ճարտար քաղաքային համայնքի կազմում: