«Ազերբորու» գործարանի աշխատակիցները բողոքում են գործարանի ղեկավարությունից: Ասում են՝ նրանց պատճառով ծանր դրության մեջ են հայտնվել:
Ադրբեջանում չեն վճարում աշխատողների աշխատավարձերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, նոյեմբերի 18, ԱՐՑԱԽՊՐԵՍ: NEWS.am-ի փոխանցմամբ, մի խումբ աշխատակիցներ նամակ են ուղարկել խմբագրություն: «Տղամարդուն վայել չէ բողոքել, բայց այլ ելք չունենք: Արդեն երեք ամիս է՝ աշխատավարձ չենք ստանում, քանի որ ադրբեջանական մետալուրգիական «Baku Steel Company» ընկերությունը թքած ունի մեզ եւ մեր խնդիրների վրա: Մեզանից շատերը բանկերում վարկեր ունեն, արդյունքում մեր դեմ դատական հայցեր են ներկայացրել: Մենք ի վիճակի չենք անգամ դեղորայք գնել մեր հիվանդների համար, հագուստ՝ երեխաների համար, էլ չասենք այն մասին, որ դժվարությամբ ենք սնունդ հայթայթում: Աշխատողների մեծ մասին շուրջ 8 ամիս է՝ հարկադիր արձակուրդի են ուղարկել: Երբ «Baku Steel Company»-ն ձեռք բերեց «Ազերբորու»-ն, տխուր իրավիճակում հայտնվեցինք: Նրանք, ովքեր բողոքեցին ղեկավարությունից, զրկվեցին աշխատանքից: Շուրջ 1500 մարդ հուսահատության է մատնվել: Բոլորս «Baku Steel Company»-ի ֆինանսական խնդիրների գերին ենք դարձել: Չգիտենք, թե ինչ է մտածում կամ ինչի հույս ունի «Baku Steel Company»-ի տնօրեն Ռասիմ Մամեդովը, որ այսպիսի ապօրինություն է իրականացնում: Երբ աշխատակիցները հավաքվում են գործարանի բակում եւ դժգոհում, նրանց նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվում: Օգնության են կանչում ոստիկաններին, որոնք, չլսելով մարդկանց, քշում են հավաքվածներին»,- գրել են գործարանի աշխատակիցները:
Հիշեցնենք, որ այսօր Բաքվում աշխատավորների հերթական բողոքի ակցիան է անցկացվել: Այս անգամ ադրբեջանական մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել «Ազերինշաաթ» ընկերության աշխատակիցները: «Մի քանի ամիս է՝ մեզ աշխատավարձ են խոստանում: Արդեն կես տարի է՝ չեն վճարել»,- բողոքել են ընկերության աշխատակիցները: