Հայաստանի խաղաղապահ բրիգադն այն կառույցն է, որը հետագայում հիմք է հանդիսանալու պրոֆեսիոնալ բանակի կերտման համար:
Սեյրան Օհանյանը խաղաղապահ բրիգադը հետագայում պրոֆեսիոնալ բանակի կերտման հիմքն է համարում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, փետրվարի 15, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խաղաղապահ բրիգադում ՀՀ ԶՈՒ-ում ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միտինգի ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Խաղաղապահ ուժերի բրիգադը համալրված է հիմնականում պրոֆեսիոնալ կազմով: Դուք յուրաքանչյուր ուսումնական փուլում պետք է ոչ թե նորովի սկսեք յուրացնել այն ամենը, ինչ անհրաժեշտ է հայրենյաց պաշտպանի համար, այլ նախկինում ձեռք բերած հմտություններին պետք է ավելացնեք ձեր կարողությունները: Սա նշանակում է, որ խաղաղապահ ուժերի բրիգադն է այն կառույցը, որը հետագայում հիմք է հանդիսանալու պրոֆեսիոնալ բանակի կերտման համար»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումները, տարածաշրջանում և Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգության միջավայրը, այն սպառնալիքները, որոնք գոյություն ունեն, ստիպում են ոչ միայն ձևավորել ազգային անվտանգության երաշխիքներ, այլ նաև միջազգային երաշխիքների համադրմամբ ապահովել անվտանգության համակարգը: «Եվ դա է ստիպում, որ մենք, բացի մեր առջև դրված խնդիրներից, անվտանգության ապահովման առաքելություն ենք իրականացնում նաև երկրագնդի տարբեր հատվածներում: Այդ գործում իր մեծ դերն ու նշանակությունն ունի մեր խաղաղապահ ուժերի բրիգադը: Տարբեր տարածաշրջաններում խաղաղության և կայունության ապահովման գործում խաղաղապահ բրիգադի ողջ անձնակազմի ներկայացուցիչներն իրենց դրսևորել են որպես բանիմաց զինծառայողներ՝ այդ ամենով բարձր պահելով Հայաստանի և նրա Զինված ուժերի վարկն ու արժանիքները»,- ընդգծեց Օհանյանը:
Սեյրան Օհանյանը օրը խորհրդանշական է համարում այն առումով, որ տարիներ առաջ հենց փետրվարի 15-ին Աֆղանստանից դուրս են բերվել Խորհրդային Միության բոլոր ստորաբաժանումները, որոնք այնտեղ խնդիր էին կատարում: «Բայց այսօր մեր խաղաղապահ ուժերի բրիգադը միացյալ զորախմբերի ու անվտանգություն ապահովող այլ պետությունների ու կառույցների հետ մեկտեղ այնտեղ մեծ առաքելություն է իրականացնում՝ ապահովելով աֆղան ժողովրդի խաղաղությունն ու կայունությունը այդ տարածաշրջանում: Բազմաթիվ անգամ լինելով այն վայրերում, որտեղ ծառայություն են իրականացրել հայ խաղաղապահները՝ ես միայն հպարտություն եմ զգացել, զգացել եմ, որ ամեն օր, ամեն տարի բարձրանում են հայկական խաղաղապահ ուժերի վարկն ու նշանակությունը, իսկ այդ ամենի հիմքում դուք եք՝ ձեր հրամանատարների հետ միասին»,- դիմելով խաղաղապահներին` եզրափակեց Օհանյանը:
2004թ. փետրվարից հայ խաղաղապահները միացել են ՆԱՏՕ-ի խաղարարար առաքելությանը և հունական, հետագայում` ամերիկյան զինուժերի կազմում առաքելություն իրականացրել Կոսովոյում, 2005 թվականի հունվարից մինչեւ 2008-ի հոկտեմբերը լեհական բազմազգ դիվիզիայի կազմում` Իրաքում, իսկ 2010 թվականի հունվար-փետրվարից` Աֆղանստանում` Գերմանիայի Դաշնության զինված ուժերի կազմում: Հայ խաղաղապահների 32 հոգանոց դասակը 2014թ. նոյեմբերի 26-ից ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում՝ իտալական հրամանատարության ներքո, խաղաղապահ առաքելություն է իրականացնում Լիբանանում: 2015 թվականից Հայաստանը մասնակցում է ՄԱԿի հովանու ներքո Մալիում իրականացվող խաղաղապահ դիտորդական առաքելությանը: