Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում կայացել է տվյալների վիզուալիզացիայի (մտավոր պատկերացում) ու ինֆոգրաֆիկայի աշխատարանի աշխատանքների շնորհանդես:
Ստեփանակերտի «Թումո» կենտրոնում կայացել է ինֆոգրաֆիկայի աշխատանքների շնորհանդես
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ շնորհանդեսին Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար Կորյուն Խաչատուրյանը ողջունելով ներկաներին, ներկայացրել է «Պանարմենիան մեդիա գրուպ» ընկերության գլխավոր դիզայներ, տվյալների վիզուալիզացիայի մասնագետ, բլոգեր Սեդրակ Մկրտչյանին, ով ընթացիկ տարվա հունիսի 8-ից կենտրոնում հանդես է եկել տվյալների վիզուալիզացիայի (մտավոր պատկերացում) ու ինֆոգրաֆիկայի մասին դասախոսությամբ:
«Այսօրվա շնորհանդեսին վիզուալիզացիայի և ինֆոգրաֆիկայի աշխատարան հաճախող ուսանողները ցուցադրել են 15 օրվա արդյունքները»,-նշել է Կ. Խաչատուրյանը:
Իր խոսքում Ս. Մկրտչյանը գոհացուցիչ է համարել դասընթացի արդյունքները:
«Ինֆոգրաֆիկան ինֆորմացիայի և տվյալների գրաֆիկորեն վիզուալ ներկայացման մի ձև է, որն արագ և պարզ ամբողջական տեղեկատվությունը ներկայացնելու հնարավորություն է տալիս։ Ինֆոգրաֆիկան կարող է շատ արդյունավետ գործիք հանդիսանալ, սակայն չպետք է մոռանալ, որ նրա հիմնական իմաստը տվյալների և տեղեկատվության տրամադրումն է»,-պարզաբանել է Ս. Մկրտչյանը և ընդգծել, որ Արցախի երեխաները բավականին խելացի ու բանիմաց են ու ամենակարևորը մեծ սիրով ու հետաքրքրությամբ են մասնակցել դասընթացին։
Վերջում աշխատարանի ուսանողներն ըստ խմբերի ներկայացրել են իրենց ստեղծած ինֆոգրաֆիկ աշխատանքները և սլայդ-շոուների տեսքով ցուցադրել:
Աշխատարանի դասընթացի մասնակից Մարգարիտա Պետրոսյանը մեզ հետ զրույցում նշել է, որ մեծ սիրով ու հետաքրքրությամբ է հաճախել դասընթացներին և բավականին գիտելիքներ ձեռքբերել:
«Դասընթացներից ստացած գիտելիքների արդյունքում տարբեր ոլորտներում կարող ենք լուրջ հաջողությունների հասնել լրատվական, քարոզչական և տվյալների վիզուալիզացիայի բնագավառներում: Փորձելու ենք մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնել ինֆոգրաֆիկայի միջոցով՝ ավելի հանրային դարձնելու համար` օգտագործելով վիճակագրական ու պատմական փաստեր»,-ասել է Մ. Պետրոսյանը:
Արմինե Վարդանյանը, ով աշխատելով «Թումո»-ում, որպես ուսուցանող մարզիչ ևս մասնակցել է աշխատարանի դասընթացներին, իր խոսքում նշել է, որ դասընթացը շատ հետաքրքիր էր:
«Դպրոցական դասագրքերում հանդիպել ենք ինֆոգրաֆիկական պատկերների և մեզ միշտ հետաքրքիր է եղել, թե դրանք ինչպես են ստեղծվում: Դասընթացի թե´ մեթոդը և թե´ մոտեցումները յուրատիպ էին:
Ս. Մկրտչյանը մեզ բավականին մանրամասն ու հետաքրքիր ներկայացրեց տեսականը, որից հետո կարողացանք յուրացնել նաև գործնական մասը»,-նշել է Ա. Վարդանյանը: